Շոփագոլիզմ. հիվանդություն, որը կանայք չեն փոխարինում նույնիսկ սեքսով
ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Կիրակի
04.12.2016
23:21
                




 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Գլխավոր » Հոդվածներ » Կին Տղամարդ

Շոփագոլիզմ. հիվանդություն, որը կանայք չեն փոխարինում նույնիսկ սեքսով



Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Հոդվածը



Եթե աշխատավարձն ստանալուն պես առաջին հերթին վազում ես խանութներ եւ տուն վերադառնում գնումներով լի փաթեթներով, եւ արդյունքում պարզում ես, որ գնել ես մի շարք անպետք իրեր եւ դրամապանակիդ դատարկությանը նայելով` մտածում ես, որ ամսվա վերջը եկել է հենց ամսվա սկզբին, ապա հավանաբար դու «շոփագոլիկ» ես:

NEWS.am-ը փորձել է պարզել, թե ովքեր են «շոփագոլիկները», ինչով է պայմանավորված նրանց «շոփագոլիզմը», ինչ բուժում ունի այդ «հիվանդությունը», ինչու են նրանք վազում խանութներ եւ ինչ կարծիքի են նրանց մասին խանութների աշխատակիցները:

Ի՞նչ է շոփագոլիզմը, ովքե՞ր են շոփագոլիկները, ինչպե՞ս «բուժվել»

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ավագ մասնագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Պողոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ «շոփագոլիզմը» հիվանդություն է, իսկ շոփագոլիկը նա է, ով ոչ մի միջոցի առաջ կանգ չի առնում, միայն թե գնի իր ցանկացած հագուստը կամ ինչ-որ ապրանք, բայց գնելիս էլ երբեք չի հագենում եւ երբեք կանգ չի առնում:

«Հիվանդություն է, որովհետեւ շոփագոլիկը վերջին կոպեկները կարող է տալ հաճույքը բավարարելու համար, ինչպես թմրամոլները, դա նշանակում է` կախվածություն սեփական հաճույքներից, բայց երբեք իրեն բավարարված չի զգում»,- ասաց նա: Ի դեպ, շոփագոլիկ դառնալու համար պարտադիր չէ հարուստ լինել, աղքատները նույնպես, իրենց ողջ ունեցած գումարը ծախսում են անպետք իրեր գնելու համար:

Շոփագոլիզմով տառապողների 90 տոկոսը կանայք են, քանի որ հոգեբանի խոսքով, նրանք շատ մտազբաղ են իրենց արտաքին տեսքով: Բայց շոփագոլիկներ կարելի է հանդիպել նաեւ դեռահասների շրջանում, ինչը մի շարք կոնֆլիկտներ է ստեղծում ընտանիքի անդամների հետ:

Օտարերկրյա հոգեբաններ կարծում են, որ շոփագոլիզմով տառապողների 90 տոկոսն իրենց մասնագիտության մեջ չկայացած եւ անձնական կյանքում դժբախտ անձինք են: Դրանով տառապում են նաեւ մարդիկ, ովքեր աշխատում են նյարդային ու լարված: Մինեսսոթայի համալսարանի հոգեբան Ռոնալդ Ֆաբերի կարծիքով` շոփագոլիկներն, ամենից հաճախ, ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկ են, եւ վաճառողների հետ շփումը նրանց տալիս է սեփական կարեւորության զգացմունք, նրանք գնում են մի շարք իրեր` հագուստ, կոշիկներ, կոսմետիկա եւ այլն` լավ տեսք ապահովելու համար:

Ռուբեն Պողոսյանի համոզմամբ` այս հակման պատճառները պետք է փնտրել մանկությունում: «Շոփագոլիկները մանկությունում ունեցել են քնքշության եւ նուրբ վերաբերմունքի պակաս: Նրանք կարող են մեծացած լինել լավ ընտանիքում, ստանալ լավ կրթություն, իսկ սերը նրանց նկատմամբ, հնարավոր է` քիչ է եղել: Հենց այս պատճառով էլ, մեծանալով, նրանք գնում են խանութ ուշադրության հետեւից` իրենք իրենց համար նվերներ գնելու»,- ասում է նա: Ռուբեն Պողոսյանին շոփագոլիզմի խնդիրներով այդքան էլ չեն դիմել, բայց սա չի նշանակում, թե Հայաստանում շոփագոլիկներ չկան: Այդ երեւույթը մեզանում եւս կա, պարզապես այն որպես հիվանդություն չեն ընկալում:

Հոգեբանը նշեց, որ ծնողներից շատ է գանգատներ լսում այն մասին, որ օրինակ` իրենց երեխան վաճառում է տան թանկարժեք իրերը, ոսկեղենը միայն թե ցուցափեղկում տեսած հագուստը գնի: Այդ հիվանդության բուժումը կամ խնդրի լուծումը հոգեբանը տեսնում է հետաքրքրությունների, ապրելակերպի փոփոխության մեջ, օրինակ` արշավների գնալ, բնության գրկում լինել, երաժշտություն լսել, մի խոսքով` թերապիաների մի ամբողջ խումբ: Իսկ արտերկրում գիտնականները նույնիսկ դեղամիջոց են հայտնաբերել, որն ազդում է ուղեղի վրա եւ կանանց մոտ ստեղծում նույն ուրախության ու թեթեւության զգացումը, որն առաջանում է շոփինգից հետո:

Կանանց ուշ ծերանալու եւ կնճռոտվելու գաղտնիքը շոփինգի մեջ է

Արտերկրում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ Երկիր մոլորակի ամեն 5-րդ իգական սեռի ներկայացուցիչը շոփագոլիկ է: Կանանց 80%-ը վստահ է, որ շոփինգն օգնում է թոթափել լարվածությունն ու ձերբազատվել սթրեսից, այդ պատճառով նրանք ավելի ուշ են ծերանում ու կնճռոտվում: Ըստ նրանց` կանայք շոփինգի մասին մտածում են այնքան հաճախ, որքան տղամարդիկ` սեքսի մասին:

Կանանց 74%-ը խոստովանել է, որ շոփինգի մասին մտածում է ամեն րոպե, այսինքն` օրական մոտ 950 անգամ: Ամեն հինգից երկուսն իրենց համարում են պայուսակների եւ կոշիկների «թմրամոլ»: 63-ամյա կինն իր ամբողջ կյանքի ընթացքում գնումների վրա ծախսում է միջինը 25184 ժամ, որը կազմում է գրեթե 3 տարի: Կանանց 44%-ը նախընտրում է միայնակ գնալ շոփինգի, քանի որ նրանք կարծում են, որ իրենց գնումները դրանից ոչ մի կերպ չեն տուժում, նույնիսկ ավելի հաջող են ստացվում: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների 32%-ն ընդհանրապես խանութասեր չէ եւ գնումներ է կատարում միայն խիստ անհաժեշտության դեպքում: «Շոփագոլիմզը» հիվանդությունը տարածված է կայուն տնտեսություն եւ վճարման զարգացած կրեդիտային համակարգ ունեցող զարգացած երկրներում, հնարավոր է` դրանով է պայմանավորված, որ ԽՍՀՄ-ում շոփագոլիկները գործնականում այդքան շատ տարածված չէին: Ի դեպ, Economist Intelligence Unit (EIU) կազմակերպության կողմից Եվրոպայի 33 երկրներում կատարված հետազոտությունների արդյունքում` 2011թ եվրոպական շոփինգի մայրաքաղաք է ճանաչվել Լոնդոնը: Ըստ որում` փորձագետների կարծիքով` եվրոպական քաղաքները շոփինգի համար ավելի նախընտրելի են, քան ասիականներն ու ամերիկյանները: Ցավոք, մեզանում շոփագոլիկների, շոփինգի վերաբերյալ հետազոտություններ չկան, այն նույնիսկ որպես հիվանդություն չի ընկալվում:

Երբ կանայք չեն կարողանում «արգելակել», զգացողությունները հարվածում են գրպանին

25-ամյա Միլենային շրջապատում բոլորը ճանաչում են որպես մեծ «շոփագոլիկ»: Նրա աշխատավայրում բոլորը գիտեն, որ եթե Միլենան տխուր է, նյարդայնացած է, ապա միակ փրկությունը գնումներ կատարելն է: Երբ մոտենում է աշխատանքային ժամի ավարտը եւ Միլենան սկսում է արագ-արագ ու ժպիտը դեմքին հավաքել իրերը, ուրեմն` նա պատրաստվում է «գրոհել» խանութները: «Շոփինգն ինձ տալիս է հոգեկան բավարարվածություն: Կարեւոր չէ, թե ինչ եմ գնում, այդ բավարարվածությունը ստանում եմ նույնիսկ տնտեսական, կենցաղային պարագաներ գնելիս, չնայած հագուստի պարագայում հաճույքի գագաթնակետն է, միանգամից սկսում եմ պատկերացնել ինչպես եւ որտեղ եմ այն կրելու: Օրերով կմտածեմ հագուստի մասին, որ տեսել եմ ցուցափեղկում կամ գնել եմ եւ մտածում եմ, թե ինչի հետ համադրել»,- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում անկեղծացավ Միլենան: Նա խոստովանում է, որ եթե շոփինգը չլիներ, ապա իր կյանքում շատ մեծ բաց կլիներ եւ դժվար էլ որեւէ մեկը կամ որեւէ բան կարողանար լցնել այդ բացը: «Մի ժամանակ, երբ այդքան էլ հնարավորություն չունեի ինձ շոփինգին տալու, ձեւափոխում էի հին շորերս, կամ սկսում էի շորեր գործել: Իսկ հիմա, նույնիսկ մոռանում եմ ինչ եմ գնել եւ որտեղ եմ դրել»,- ասաց նա:

32-ամյա Լուսինեն եւս շոփագոլիկ է, բայց եթե նախկինում ինքն անտարբեր չէր անցնում ոչ մի խանութի կողքով եւ անպայման մտնում ու գնում էր մի բան, ապա նա այժմ տառապում է «օնլալն շոփինգ» հիվանդությամբ: «Այդպիսի օր չկա, որ ես մի բան չգնեմ, ամեն օր նայում եմ այդ կայքերը եւ արդեն գնում եմ ոչ թե այն, ինչ ինձ պետք է, այլ այն, ինչ ես հավանում եմ ,չեմ կարողանում ստոպ անել: Օրինակ` այս տարի լիքը տաք հագուստ, բաճկոններ եմ գնել, որ չեմ էլ հասցրել հագնել, նվիրում եմ ընկերուհիներիս եւ այլն»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Լուսինեն` հավելելով, որ ինքը բարձրակրունկ կոշիկների մեծ սիրահար է: Նրա համար շոփինգը բավարարվածության զգացում է, իր մտերիմների համար` գլխացավանք: Մասնավորապես` Լուսինեն պատմեց, որ իր մայրը նախատում է իրեն այդքան բաներ գնելու մեջ եւ խորհուրդ է տալիս ավելի նպատակային եւ մտածված վատնել գումարները: Սակայն, նա չի ափսոսում շոփինգի վրա վատնած գումարների համար, որովհետեւ դրանից հետո առաջացող գգացումները եւս թանկ են. «Եթե շոփինգը չլիներ իմ կյանքում, ես ինչ-որ առումով չբավարարված մարդ կլինեի, դա կազմում է իմ նպատակների մի մասը, ես ամեն ինչ անում եմ դրա համար,որ ես հագնվեմ այնպես, ինչպես ուզում եմ»,- անկեղծացավ Լուսինեն: Նա կցանկանար, որ 50 տարի հետո եւս շոփագոլիկ լիներ, քանի որ դա կարեւոր խթան է կյանքի համար, միայն թե վախենում է, որ այդ ժամանակ իր մարմնի կառուցվածքը դա թույլ չի տա: Շոփագոլիկները նաեւ լավ խորհրդատու են նրանց շրջապատող մարդկանց համար, քանի որ նրանցից կարելի է ճշտել, թե որ խանութում ինչ կա, ինչքան է եւ որտեղից կարելի է ինչ-որ բան գտնել:

Շոփագոլիկներին առաջին հայացքից տարբերում եւ ճանաչում են նաեւ Երեւանի խանութների աշխատակիցները: «Jahello» խանութի մենեջեր Նաիրան NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց, որ երբ հաճախորդը մտնում է խանութ, ապա մի քանի «նշաններից» իրենք կռահում են` հաճախորդը «շոփագոլիկ» է, թե` ոչ, մասնավորապես` կեցվածքից, ապրանքը նայելու ձեւից եւ այլն: Իրենց շոփագոլիկ հաճախորդները հիմնականում 16-26 տարեկան կանայք են: «Շոփագոլիկներն ավելի հարմար են խանութների համար: Նրանք հիմնականում գալիս են նոր տեսականու հետեւից, լիքը ապրանքներ են վերցնում ու սկսում փորձել»,- ասաց Նաիրան:

«Մանգո» խանութի աշխատակցուհին նշեց, որ «շոփագոլիկներին» տարբերում է արտաքին տեսքից եւ hագուստի նկատմամբ վերաբերմունքից. «Չեմ փորձում ոչ հաճոյանալ, ոչ էլ նրանց ինչ-որ բան համոզել, որովհետեւ իրենք առանձնահատուկ իրենց կարծիքն ունեն, քո կարծիքը իրենց չի հետաքրքրում: Իրենք հատուկ վերաբերմունք ունեն հագուստի նկատմամբ, ոչ գնելու, ոչ էլ հաճույք ստանալու, այլ ուղղակի մի քանի հագուստ ընտրել եւ հանդերձարանում փորձել»,- ասաց նա` հավելելով, որ նրանք հիմնականում գալիս են մի քանի հոգով, եւ այցելության ժամանակ հագուստը վերածվում է ծաղրանքի: Լինում է նաեւ, որ օրվա մեջ մի քանի անգամ մտնում են խանութ, հագուստը փորձում են, բայց չեն գնում: Փորձառու աշխատակիցը նշեց, որ իսկական հաճախորդին հեշտ է տարբերել նրա հայացքից, հագուստի նկատմամբ վերաբերմունքից, կախիչների հետ վարեվոցողությունից:

«Մի Մի» պայուսակների խանութի աշխատակից Ռուբենը նշեց, որ շոփագոլիկներին իրենք տարբերում են, որովհետեւ շատ հաճախ են մտնում իրենց խանութ, ամենայն մանրամասնությամբ նայում են ապրանքը, անտարբեր չեն անցնում ապրանքի կողքով եւ իմիջիայլոց չեն վերաբերում դրանց:

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը



Ավելացվել է ՝ 12.02.2012
Արդեն դիտել են : 2412 անգամ Admin
Դասընթացներ Կարդացեք նաև Բաժանորդագրվեք Հոդվածներին

Մուտքագրեք ձեր
էլ. փոստի հասցեն