Ղեկավար դառնալու երազանքդ արդեն իրականություն է: Ասել է թե՝ դու արդեն ունես աշխատակիցների խումբ, որին պետք է ուղղորդես, վերահսկես ու, ամենակարևորը, այնպես անես, որ աշխատանքը տա զգալի արդյունքներ: Դու իհարկե դա կարող ես անել:

Համոզված եմ, որ երբ ամբողջությամբ ծանոթանաս ղեկավար լինելու բոլոր նրբություններին ու կիրառես ճիշտ ռազմավարություն աշխատակիցներիդ նկատմամբ, ապա աշխատանքային գործունեության արդյունքները շատ արագ նկատելի կդառնան:

Լավ մասնագետ լինելը դեռ շատ քիչ է լավ ղեկավար դառնալու համար: Ենթակայությանդ տակ գտնվող աշխատակիցներն էլ կայացած անհատներ են ու իրենց գործի գիտակներ: Լա՛վ, ինչպե՞ս վարվել, ինչպե՞ս ճիշտ ղեկավարել:

Եղիր բարի: Այն գործընկերները, որոնք արդեն հայտնվել են քո ենթակայության տակ, քո յուրաքանչյուր խոսքից ու շարժումից պետք է բարություն ու հոգատարություն զգան: Իդեալական տարբերակ է, եթե աշխատակիցներդ քեզ ընդունեն ինչպես իրենց ընտանիքի անդամի: Ու պետք չէ խուսափել լավ արված աշխատանքի համար շնորհակալություն հայտնելուց:

Մի՛ փորձիր լինել առավել խելացի, քան քո ենթակաները: Կարիք չկա ցույց տալու, որ դու ամեն ինչ գիտես: Դու պետք է վստահես որոշակի առաջադրանքների կատարումը մասնագետներին: Կարծում եմ՝ հասկանում ես, որ դու, օրինակ, լինելով գովազդի բաժնի ղեկավար, չես կարող փորձառու իրավաբանին հավասար գիտելիքներ ունենալ իրավաբանության ոլորտում:

Աշխատակիցն ունի սխալվելու իրավունք: Հիշիր քեզ. դու էլ էիր, չէ՞, մեկ-մեկ թերանում կամ սխալներ անում: Ու կարծում եմ՝ կհամաձայնես ինձ հետ, որ հենց այդ սխալներից սովորելով ես դարձել էլ ավելի պատասխանատու և ուշադիր: Թույլ տուր աշխատակիցներդ ինքնուրույն գտնեն հարցի լուծման տարբերակներ, այլ ոչ թե վստահ լինեն, որ մեկ է, ղեկավարը գալու է և ասի, թե ինչն ինչպես է պետք անել և գրված նամակի մեջ հատ-հատ ուղղելու է անփութության պատճառով թույլ տրված բացթողումներն ու սխալները:

Ղեկավարը պետք է հեղինակություն լինի: Շատ մտերիմ ընկերական հարաբերություններն այս դեպքում կարող են խանգարել քեզ` կայանալու որպես ղեկավար: Դա հատկապես դժվար է, եթե դու կարիերայի աճ ես ունենում այն ընկերությունում, որտեղ որոշ ժամանակ առաջ շարքային աշխատակից էիր: Լիդերը չի կարող իր աշխատակիցների հետ կիսվել իր անձնական խնդիրներով կամ պատմել իր թույլ կողմերի մասին:

Ուշադիր եղիր առաջադրանքներ տալիս: Եթե դու առաջադրանքներ տաս ստիպողաբար կամ հրամայական տոնով, աշխատակիցները կա՛մ կսկսեն համառել, կա՛մ էլ իմիջիայլոց կկատարեն աշխատանքը` զուտ այն կատարելու համար:

Մոտիվացրու յուրաքանչյուրին: Աշխարհը տեղում կանգ չի առնում, և շուրջն ամեն ինչ շատ արագ փոփոխվում է ու զարգանում: Եվ դու, որպես ժամանակակից ղեկավար, պետք է բաց չթողնես այդ փոփոխությունները: Պարբերաբար հարցրու աշխատակիցներիդ, թե ինչ մասնագիտական ամսագրեր կցանկանային կարդալ կամ որ թրեյնինգները կարող են նրանց նոր գիտելիքներ փոխանցել: Կարող ես նրանց համար ամսագրեր գնել և նաև առաջարկել որոշ մասնագիտական կայքեր` ոլորտի նորություններին տեղեկանալու համար:

Բեր օրինակներ սեփական փորձից: Դժվար կլինի ստիպել աշխատակցիդ չուշանալ, եթե դու ինքդ ամեն օր աշխատավայր ես գալիս կես ժամ ուշացմամբ: Քո վարքագիծը, աշխատանքն ու շարժուձևը օրինակ է ծառայում մյուսների համար: Իսկ սեփական փորձառության ու աշխատանքային մեթոդների մասին կիսվելը միանշանակ կգնահատվի ենթականերիդ կողմից. չէ՞ որ դու բացահայտում ես հաջողության քո գաղտնիքը:

Ղեկավար լինելու փաստը ոչ մի կերպ չպետք է ազդի քո մարդ լինելու վրա: Ինքնավտահությունը կարևոր հատկանիշ է, բայց դա չպետք է վերածվի մեծամտության: Աշխատակիցը պետք է հաճույքով շփվի քեզ հետ, և ոչ թե ամեն անգամ տհաճությամբ կատարի հանձնարարությունները: Եվ չմոռանաս օբյեկտիվության մասին: Ենթականերիցդ ոչ մեկը չպետք է որևէ առավելություն ունենա մյուսի նկատմամբ:

Սկսնակ ղեկավարի սխալները

• Տալ անիմաստ հանձնարարություններ միայն այն պատճառով, որ աշխատակիցներն օրվա այդ հատվածում անգործ չնստեն: 
• Լինել մակերեսային` մտածելով, որ գործի բնույթը միայն ղեկավարելն է:
• Մշտապես վերահսկողության տակ պահել աշխատակիցներին և օրվա ընթացքում նրանց կողմից արված աշխատանքը:
• Հակված լինել միայն սեփական կարծիքին:


Աղբյուր ՝ Cosmo.am