ArmenianPortal.com
Հայկական Պորտալ


Կիրակի
11.12.2016
03:15
                



Պարույր Սևակ-Ուշացած իմ սեր (պոեմ) ArmenianPortal.com - Հայկական Պորտալ,

 
Պորտալի Բաժիններ


Էվակուատորի ծառայություն


  Lesson.am ի Զեղչեր
  10 % զեղչ Անգլերենի և Ռուսերենի դասընթացների համար


  1C ծրագրի դասընթաց

  10 % զեղչ բոլոր դասընթացների համար


 
Օրվա լրահոս



 
Հոդվածներ





 
Օրվա Վիդեո

<
  Հայկական Թրաֆիկ


Lesson.am Կրթական Տեղեկատու
Ուսումնական կենտրոնների առաջարկները մեկ վայրում


Համակարգչային դասընթացներ


Լեզուների դասընթացներ


Հաշվապահական դասընթացներ


Դիզայներական դասընթացներ


Գործավարության դասընթացներ


Բանկային գործի դասընթացներ


Մարքեթինգի դասընթացներ



Մատնահարդարման դասընթացներ



Դիմահարդարման դասընթացներ



Կոսմետոլոգիայի դասընթացներ



Վարսահարդարման դասընթացներ



Մերսման դասընթացներ


Պարույր Սևակ Կիսվեք ընկերների հետ 0      Տպել Բանաստեղծությունը




Ուշացած իմ սեր (պոեմ)


1
Դու տեսնու՞մ ես հիմա, իմ սիրելի՛,
Թե մեզ ու՛ր հասցըրեց քո ուշացած սերը,
Քո ուշացա´ծ սերը,
Դու չուշացա՛ծ իմ սեր։

Կշտամբանքի խոսքեր ես չեմ ուզում ասել:
Բայց դու ո՞նց թույլ տվիր,
Որ նա´ դառնա տերըդ,
Ում դու չէիր սիրում
Եվ ում համար
Չէին դողում շրթերդ՝ ինչպես հիմա,
Չէին շողում աչքերդ՝ ինչպես հիմա,
Ինչպես հիմա՝ կուրծքըդ չէր տրոփում կրքով։

Ինչպես դու քանդեցիր տունդ քո իսկ ձեռքով։

Զուր մի´ արդարանա:
Սիրո հարցում,
Չի՛ ճանաչում կյանքը արդարացում։

Զուր մի´ ասա, թե դու
Բոլորովին անփորձ աղջիկ էիր այնժամ,-
Սե՛րը, ո´չ, չի զգում փորձի կարիք:

Մի´ մտածիր իզուր,
Թե կյանքն ինքը քեզ հետ իբըր վարվեց դաժան,–
Կյանքը չի՛ բաժանում չարիք – բարիք:
Եվ մի´ կարծիր իզուր,
Թե չբերեց բախտըդ։
Բախտ բերելըս ո՛րն է,
Նրան ձե´ռք են բերում...

2
Եվ այսպես է լինում.
նրբության տեղ՝ սիրով
Ոմանք նուրբ մետաքսն են գերադասում հաճախ։

Եվ այսպես է լինում.
Տաքության տեղ սիրո
Ոմանք տաք մուշտակն են գերադասում հաճախ։

Ո՞ր հիմարը կասի, թե վատ բան է
Բարձըր աստիճանը,
Փողով լի գրպանը,
Եթե... սիրո հարցում շիրիմ չէ գրպանը։

Երախտապա՛րտ եմ ես դատարկ իմ գրպանին,
Թե չէ, ի´նչ իմանաս, աստվա՛ծ չանի,
Չէ՞ որ կարող էր նա ինձ էլ գուցե
Ուրիշների հիմար դրության մեջ գցել -
Կարող էին, այո´, կարող էին ինձ էլ
«Աղվես»-ի տեղ իրենց ուսին գցել,
Իբրև մուշտակ՝ կրել,
Իբրև ոսկե քորոց՝ կրծքին խրել։
Չէին կարո՞ղ։
Ի՛նչ է,
Նրանք՝ հետիոտըն,
Իսկ ես ձիավո՞ր եմ,
Նրանք՝ կլոր զերո,
Իսկ ես միավո՞ր եմ:

Ախ, չէ՛, կարո´ղ էին,
Որովհետև կյանքում
Մեծագույնը մեծին միշտ հաղթում է։
Իսկ շատերի համար, անշուշտ, սրտից մեծ է
Կահավորված - կարգին - շքեղ տունը։

Ախ, չէ՛, կարո´ղ էին,
Որովհետև կյանքում
Թեպետ հաղթությունը միշտ նորինն է,
Սակայն հինն էլ կյանքում
Նրանով է կանգուն,
Նրանով է զորեղ,
Որ նա հին է:
Իսկ «քաղքենի» կոչումն այնքան է հին կյանքում,
Որքան... ինքը՝ կինը։

Բայց արտաքուստ քեզ պես
Ու քեզ նման կարծես
Նույն այդ կինը
Անհունորեն քեզնից և տարբեր է այնպես,
Ինչպես նկարներից՝ «նեգատիվը»։

Եվ ինձ համար բախտ է,
Մեծ պատիվ է,
Որ դու ուրի՛շ կին ես,
Իմ անգի´նըս,
Որ հեռու ես ամեն մի քաղքենուց,
Ինչպես պղտոր ջուրը՝ կարմիր գինուց...

3
Բայց, սիրելի´ս, քեզ հետ եղել է վատթարը,
Քեզ հետ պատահել է ահավորը։
Քաղքենուհին անգամ պակաս մեղավոր է,
Քան դու՝
Իմ անմե´ղըս,
Իմ արդա՛րըս։

Նա՝ վատ թե լավ՝ կյանքում առևտուր է անում.
Մի բան՝ տալիս,
Տեղը ուրիշ բան է առնում։
Նրան կարելի է արհամարհել,
Իսկ քեզ... կարելի է քեզ չներե՛լ,
Որովհետև նրանք սեր են խաղում,
Իսկ դու... խաղացել ես դու սիրո՛ հետ.
Որովհետև նրանք կյանք են խաղում,
Իսկ դու... խաղացել ես դու կյանքի՛ հետ...

Քեզ ո՞նց ներել, թե դու
Գնացել ես մարդու
Այնպես, ինչպես մի օր քո հեռավոր տատը,
Երբ որ հարցը ոչ թե սիրտն ու սերն են լուծել,
Այլ, ամենից առաջ, մատնեմատը։
Ինչպե՞ս ներել, թե դու
Գնացել ես մարդու,
Ինչպես Արևելքում ընդունված է եղել
Երկու՛ հազար տարի՝
Զավակի հետ մի լավ գերդաստանի,
Որի յոթը պորտին ճանաչել է հայրըդ,
Որի յոթը պորտին ճանաչել է մայրըդ,
Ճանաչել են,
Սակայն նրա գերդաստանի՛ն,
Բայց ո´չ նրան, ում դու
Գնացել ես մարդու։

Գնացել ես մարդու
Եվ... մտածե´լ,
Թե սերն ինքը,
Եթե կյանքում նա կա,
Հետո մի օր կգա.
Թո´ղ որ առաջնեկի՝
Քեզ պես ու քեզ նման մի աղջըկա,
Թո´ղ որ երկրորդ մանկան՝
Իր հոր քթից թռած մի շեկլիկի
Ծնընդի հետ,– մե՛կ է՝
Միայն թե գա...

Սակայն սերը փառք չէ,
Ոչ էլ հաջողություն,
Որ հետո գա
Եվ կամ
Բնավ չգա։
Հյու´ր չէ,
Որ մերթ ընդ մերթ այցելի ձեր տունը,
Մերթ պատճառի հաճույք
Ու մերթ՝ տհաճություն,
Խանգարելով անուշ ձեր ետճաշյա քունը։
Ախ, չէ՛.
Սերը հյու´ր չէ,
Տանը հյու´ր չէ սերը։
Թե բանն այդտեղ հասավ՝
Նա տանտե՛ր է։

Հիմա դու լավ գիտես,
Իմ սիրելի´,
Որ սիրո հետ խաղալ չի՛ կարելի.
Ո´չ նա խաղալիք է,
Ո´չ էլ մանուկ ես դու։
Իսկ թե խաղալիք է՝
Նա չի ջարդվում ինքը.
Հետը խաղացողին ինքն է այնպե´ս ջարդում,
Ինչպես որ նա քեզ է ջարդել հիմա...
Մի՞թե արդեն պարզ չէ և քե´զ համար,
Որ կարող է սերը...վրեժխնդի՛ր լինել,
Վրեժ լուծել՝
Իրեն անտեսելու՛ համար.
Տառապալից սիրով չսիրողին զինել,
Ինչպես որ քեզ՝ հիմա...

4
Ես սառույցի նման կհալչեի
Քաղքենական տաքուկ ու գաղջ օդում,
Եվ ինձ... ինձ չէր փրկի
Եվ ո´չ մի սառնարան՝
Վերջին «մարկան» վրան։

Ես թշնամու´ս անգամ չեմ կամենում
Տնաբույս ճյուղ լինել արմավենու՝
Լուսամուտի գոգին,
Կըճուճի մեջ կավե,
Եվ կամ լինել ոսկե - չգործածվող գավե՛ր:

Չէ´, ես սառույցի պես կհալչեի
Քաղքենական տաքուկ ու գաղջ օդում:
Բայց... ես ո՛նց եմ ուզում
Ու երազում,
Անգի´ն,
Քո ոտքերը տեսնել իմ գրկաբաց շեմքին։
Քեզ մեկընդմիշտ տեսնել իմ տանն աղքատ ու հին
Եվ հավատալ, որ դու´,
Դու՛ ես տանտիրուհին:

Բա´րձր,
Բա՛րձր է հնչում.
«Իմ սիրելի՛»,
«Իմ սե՛ր»:
Բայց ես ո՛նց եմ ուզում
Ու երազում,
Անգի´ն,
Քեզ շշուկով, ան-ծա՛յր մի շշուկով ասել,
Քեզ շշնջալ.
«Իմ կի՛ն»...

5
Իսկ դու ուրիշինն ես,
Իսկ դու ուրիշինն ես,
Դու´ - ուրիշի՛նը։

Դու´, իմ հարազա՛տը,
Մոտի՛կ հարազատը,
Եվ – ուրիշի՛ն...
Ա՛խ, ուրիշին թող որ մեկ ուրիշը լիներ,
Չէ՞ր կարելի, ասա´։
Ա՛խ, դու այդ ինչպե՞ս ես ուրիշինը եղել,
Իմ սիրելի՛, ասա´...

Եվ նա ով է՝ գիտե՛մ։
Պարզ է. նա ո´չ կարիճ,
Եվ ո´չ էլ իժ է նա։
Գուցե վատ չէ այնքան,
Գուցե լավն է անգամ,
Բայց քեզ համար օտա՛ր – ուրի՛շ է նա...

6
Ինձ բռնեցի հանկարծ ես այն բանում,
Որ ոտներըս հաճախ ինձ, ակամա,
Անվերջ այգիներից - այգիներ են տանում։

Իսկ դուք մի´ շտապեք հանցանքի մեջ բռնել։

Այգիներ եմ գնում ո´չ թե նրա համար,
Որ շրջում են այնտեղ կանայք ամե՛ն ոճի.

Կանայք՝
Նման նրբին ճենապակու.
Հիանալ ես ուզում, ուրիշ ոչի՛նչ...

Կանայք՝
Նման շքեղ սիրամարգի.
Իրենք՝ անգույն, մինչդեռ նրանց հագի՛ն...

Կանայք՝
Նման դռան, որ չեն փակում.
Կողպեք բաց անելու ո´չ մի հակում...

Եվ աղջիկնե՛ր.
Աչքերն այնպե´ս վճիտ,
Որ լեռնային ջրին եթե ասես՝
«Ջինջ ես աղջըկական աչքերի պես»,
Ջուրը հիացմունքից կլճանա մի պահ.
Շո´յված կզգա այնպե´ս,
Կզգա այնպե՛ս հպարտ։

Եվ աղջիկներ բազու´մ -
Այնպես նազու՛ն,
Նազու՛կ,
Որ ամե´ն մի պախրա,
Ամեն եղնի´կ,
Այծյա՛մ
Ցնծությունից պիտի շիկնի ներքուստ,
Եթե լսի հանկարծ իր հասցեին.
«Ասես աղջիկ լինի, ահա թե ի՛նչ»։
Եվ աղջիկնե՛ր –
Այնքա´ն կախարդիչ ու թովիչ,
(Նրանց թովչանքն արդյոք ի՞նչ մակդիրով չափես),
Եվ աղջիկնե՛ր –
Թովիչ՝ աղջըկա պես...

Բայց այգի են տանում ոչ թե նրանք՝
Ո´չ թե այս բոց կանայք,
Աղջիկներն այս կրակ,
Ո´չ թե անծանոթին.
Իբրև մոտիկ,
Վերջ ի վերջո «դու»–ով անվանելու հույսը...

Ավելացվել է 1 րոպե անց
7
Սակայն ճիշտ է, որ ես այգիներ եմ գնում,
Եվ ճիշտ է, որ այնտեղ կանա´յք չեն ինձ տանում։

Մանուկներն են տանում, երեխե՛քը։

Լայն ծառուղի։
Ավազ, որ և շեկ է,
Ինչպես այս թմփլիկը, ա´յ, այս մեկը,
Որ իր գլխին,
Ասես
Թասակի պես,
Անվտանգ արևն է մազերի տեղ կրում։
Ինչպես և այն մե´կը,
Այն մե՛կը, տե´ս,
Որ ավազին, մատով, ինչ-որ բան է գրում։
Ժպտուն դեմքը նրա,
Նրա ձեռ ու ոտը
Այնպես պեպենոտ է,
Որ ուզում ես լվալ առվի ջրով այս ջինջ.
Քեզ թվում է տղան ոչ թե պեպենոտ է,
Այլ որ նրա դեմքը,
Նրա ձեռ ու ոտը
Այս ավազն է նախշել, ուրիշ ոչինչ։

Իսկ հապա ա´յս մեկը...
Ա´խ, այս երեխե՛քը...

Ամեն մեկըս ունի իր մեծ թուլությունը.
Մեկին՝ բարությունը,
Մեկին՝ մայրությունը,
Մեկին՝ խմիչքները,
Մեկին՝ սերը կանանց։
Ինձ մոտ մանուկների տիրություն է.
Ինչքան ինձ հիշում եմ՝
Հպատա՛կն եմ նրանց։

Ես, իսկապես ասած, այսպես եմ հասկանում.
Մարդիկ ուրիշ բան չեն, քան թե մանուկ՝
Մանուկ - հասակ առած,
Մանուկ - տարեց դառած,
Եվ, վերջապես, նաև մանուկ - ծերուկ։

Ես, իսկապես ասած, այսպես եմ հասկանում.
Մեր մեջ ամեն լավ բան մանկականն է,
Ուստի «մանկականն» է լավի ածականը.
Այդպես չի՛ կարելի կոչել ժխտականը...


Իսկ դուք նկատե՞լ եք.
Բոլոր մանուկները
Ե´վ նման են իրար,
Ե՝վ իրարից տարբեր։
Չե՞ք նկատել արդյոք, որ աշխարհում
Տգեղ մանու՞կ, երբե´ք.
Աշխարհումըս բոլո՛ր մանուկներն են սիրուն...

...Ու ես թափառում եմ այգիներում,
Որ վերստին լսեմ զանգ-ծիծաղը նրանց,
Տեսնեմ ինքնամոռաց-տարված խաղը նրանց,
Տեսնեմ,
Թե ինչպես են կավից տնակ շինում,
Գոտի շինում խոտից.
Տեսնեմ,
Թե ինչպես են իրենք իրենց զինում՝
Լաց լինելով ստից.
Լսեմ,
Թե ոնց նրանք բլբլում են անվերջ
Ու մոր հոգին հանում.
- «Իսկ այս ի՞նչ է, մա´մա»...
Լսե´մ,
Թե հալվելով՝ ի
Ի՛նչ սիրով է նրանց մայրը պատասխանում,
Մերթ էլ.
- «Բավական է, դե մի´ հանիր համը»...
Տեսնե´մ,
Թե ինչպես են մեկը մեկի առաջ
Իրենց հայրիկներով հպարտանում.
Սրանն՝ ինժեներ է,
Նրանն՝ օդաչու է,
Որ... երկնքի՛ց անգամ անց է կենում...

Այստեղ ես հասկանում,
Զգում ու հասկանում ամբողջ սրտով,
Որ դու ի՞նչ էլ լինես՝
Ճարտարապե´տ,
Վարպե´տ,
Միլիցիոնե´ր,–
Դու ամենի՛ց առաջ՝
Այս ամենից առաջ և կամ հետո՝
Պարտավոր ես կյանքում... «հայրի´կ» լինել...
Եվ խենթ մի ցանկություն
Լափլիզում է քո սիրտն ու հոգին,
Որ քե´զ,
Եվ քե´զ,
Եվ քե՛զ
«Հայրիկ» կոչի ձայնը ինչ-որ մեկի։

Ինչու՞ ինչ-որ մեկի։
Ո´չ թե ինչ-որ մեկի,
Այլ, սիրելի՛ս, ձայնը մե´ր մանկիկի...

8
Մենք ինչքա՛ն ենք տխրել՝ երազելով.
Ես աղջիկ եմ ուզում,
Իսկ դու՝ տղա։
Ես աղջիկ եմ ուզում՝ քո´ մազերով,
Դու տղա ես ուզում՝ ի´նձ պես թխաչ...

Ես աղջիկ եմ ուզում,
Որ քեզ նման լինի –
Քեզ պես՝ կախարդանքով իրեն զինի.
Քո հասակի նման՝ մանրանկար հասակ,
Ինչպես քո դեմքի շուրջ՝ լուսապսակ.
Լինի քեզ պես նազու´կ,
Քեզ պես նազու՛ն,
Եվ քեզ նման զգաստ,
Ե´վ երազուն.
Որ երբ ժպտա քեզ պես՝
Բացվի արշալույսը.
Ու երբ նայի քեզ պես՝
Վառվի մարած հույսը.
Երբ ծիծաղի քեզ պես՝
Զգաս -
Կյանքն է զնգում.
Ու երբ սիրի -
Զգաս՝
Արժե՛ ապրել կյանքում։
Ամե´ն ինչով նման,
Թուլությունո՛վ անգամ,
Քե´զ պես,
Միայն... քեզ պես դառնություննե՛ր չզգա...

Իսկ դու «չէ´» ես ասում.
Դու տղա ուզում ես։

Թո´ղ որ իր հոր նման տգեղ լինի, ոչի՛նչ,
Բայց թող աստղով լինի՝ իր հոր նման։
Մոր հոգու հետ, ոչի՛նչ, իր հոր նման
Թող նա մեկ-մեկ խաղա,
Չարություններ անի,
Բայց թող՝ իր հոր նման՝ երբե՛ք երես չառնի։
Թող որ՝ իր հոր նման՝ շա՛տ բան տեսնի կյանքում,
Բայց թող՝ իր հոր նման՝ մի´շտ էլ մնա կանգուն.
Թող նա իր հոր նման՝ մեղկությունը ատի,
Փոքրոգություն, քծնանք իր հո´ր նման դատի.
Իր հոր նման՝ երբեք չշլանա փառքից,
Թող շլանա, լավ է, աղջիկների քայլքի՛ց.
Իր հոր նման՝ թող որ հափըշտակվի´, տարվի´,
Բայց երբ ժամը հասնի, հո´ր պես սիրահարվի,
Հո´ր պես կարողանա ատել, սիրել,
Կարողանա քե´զ պես բախտի տիրել...

Ես ինչպե՛ս եմ ուզում
Ինձ հա´յր տեսնել,
Դու ինչպե՛ս ես ուզում
Քեզ մա´յր տեսնել...

9
Բայց դու արդեն... արդեն մայր ես վաղուց.
Բակում քո տղան է հիմա խաղում...

...Ես ո´չ փաքրոգի եմ,
Ո´չ տգետ եմ,
Սակայն արի ու տես, որ խանդոտ եմ։

Ես խանդոտ եմ, ինչպես գարնան գետը՝
Ամեն ջրի հանդեպ,
Ինչպես արեգակից խանձված խոտը՝
Ամեն հրի հանդեպ։

Ի՛նչ փույթ, թե խանդելու չունեմ տեղիք,
Բայց իրավու՛նք...
Չէ՞ որ ամբողջովին քոնն եմ։
Քո՛նն եմ,
Բայց ո´չ իբրև կրծքիդ թառած ծաղիկ.
Քո՛նն եմ,
Սակայն իբրև ո´չ պաշարված քաղաք,
Ո´չ էլ հարձակումով մեկեն շահված քաղաք։
Քոնն եմ ամբողջովին՝
Ա´յն տան նման,
Ուր դու և´ տանտեր ես այդ տան համար,
Ե´վ տան միա՛կ-միա՛կ բնակիչը։
Չէ՞ որ ես այլ բան չեմ,
Ես լոկ սիրո ճիչ եմ՝
Խոսուն կասկածներիդ լուռ փարատման համար:
Քոնն եմ իմ անցյալո´վ,
Իմ ներկայո´վ,
Երազներո´վ բոլոր,
Ապագայո՛վ.
Քոնն եմ ամբողջովի՛ն,
Իմ սիրելի´ս։
Սա իրավունք մի՞թե ինձ չի տալիս
Գեթ այսքանից հետո պահանջելու,
Որ իրավունք չունես ինձ տանջելու.
Որ դու պիտի լինես ի´մը՝ անվերապա՛հ,
Ի´մը՝ ոտից-գլու՛խ,
Ի´մը՝ ամբողջովի՛ն.
Որ քո գորովագին սիրո ծովին
Ես տեր լինեմ,
Ինչպես ծովի հին աստվածը՝
Ինքը՝ Պոսեյդոնը.
Որ դու ամբողջովին ի´մը լինես այնպես,
Ինչպես ես եմ քոնը.
Որ մի՛ կաթիլ անգամ դու չցրես,
Էլ չեմ ասում՝ սիրե՛ս...

Էլ չեմ ասում՝ սիրե՞ս...

Բայց ես գիտեմ, թե դու ո՛նց ես երկըրպագում,
Ո՛նց ես պաշտում... նրան,
Որ կոչում է քեզ «մայր»։
Ու ես, որ ո´չ կույր եմ,
Ո´չ էլ հիմար,
Միշտ մի հարցի առաջ աչք եմ փակում.
Ո՞վ է առաջինը քո մեծ հոգում.
Ե՞ս եմ արդյոք, թե նա,
Ու վա՛յ թե նա...
Եվ ի՛նչ էլ որ լինի՝
Ես չե´մ խանդում նրան,
Ա´խ, չէ՛, ես լոկ քեզ եմ որդուդ համար խանդում.
Չէ՞ որ նա լոկ քոնն է և... իմը չէ։

Ու ես ո՛նց կուզեի,
Ո՛նց կուզեիր և դու,
Որ նա լիներ ի´մը,
Որ ինձ «հայրի՛կ» կանչեր,
«Հայրիկ» այնպե՛ս կոչեր,
Այնպե՛ս գոչեր,
Որ աշխա՛րհը լսեր հոր անունը։

Բայց նա քոնն է միայն և իմը չէ։

Ցավն էլ այստեղ է, որ... խորանում է...
Хостинг от uCoz
2011-2012 Հայկական Պորտալ                                             Պորտալի մասին ▏ Գործընկերներ ▏ Գովազդ ▏ Վճարումներ ▏ Հետադարձ կապ ▏ Տեղեկատուներ▏